• ք․ Երևան, Նաիրի Զարյան 50

Կանոնակարգ

«Հաստատված է»

«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ»

հասարակական կազմակերպության մասնակիցների արտահերթ ժողովի 27 11 2019թ-ի կայացրած որոշմամբ Բաղկացած է 32 թերթից

Տպագրված է   1 օրինակ

«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ»

հասարակական կազմակերպության նախագահ՝ ————————————Ա.Մակյան

«27» նոյեմբեր 2019թ

 

«ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ՆԱԽԱԲԱՆ

Սույն կանոնակարգը /այսուհետ՝ Կանոնակարգ/ նպատակ է հետապնդում «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ /այսուհետ՝ Արբիտրաժային դատարան/ անկախ և անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից առանց անհարկի ձգձգումների լուծել բանկերի կամ այլ ֆինանսական և առևտրային կազմակերպությունների և նրանց հաճախորդների միջև կնքված գործարքներից բխող կամ դրանց հետ կապված, ինչպես նաև պայմանագրային կամ արտապայմանագրային հարաբերություններից բխող և առևտրային արբիտրաժին ենթակա այլ վեճերը։

Կանոնակարգի ընդունման համար հիմք է հանդիսացել «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքը/ՀՕ-55-Ն, ընդունվել է 25 12 2006թ-ին/։

ԲԱԺԻՆ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Արբիտրաժային դատարանը

1.Արբիտրաժային դատարանը ինքնուրույն, մշտապես գործող արբիտրաժային դատարան է, որը գործում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, Արբիտրաժային դատարանի կանոնադրությանը, սույն կանոնակարգին և այլ իրավական ակտերին համապատասխան։

2.Արբիտրաժային դատարանի գտնվելու վայրն է՝ քաղաք Երևան, Դավթաշեն 4-րդ թղմ., 11շ., բն.59 հասցեն։

 

Հոդված 2. Գործողության ոլորտը

1.Եթե կողմերը պայմանավորվել են այն մասին, որ որևէ կոնկրետ իրավահարաբերության վերաբերյալ միմյանց միջև առկա վեճը, անկախ դրա պայմանագրային բնույթից, ենթակա է հանձնման Հոդված 1. Արբիտրաժային դատարան, ապա այդպիսի վեճը ենթակա է լուծման Կանոնակարգին համապատասխան, բացառությամբ այն փոփոխությունների, որոնց մասին կողմերը կարող են պայմանավորվել։

2.Արբիտրաժային տրիբունալը վարույթն իրականացնում է վեճը Արբիտրաժային դատարան հանձնելու պահին գործող Կանոնակարգով սահմանված կարգով, եթե կողմերի գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ՝ պահպանելով «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի դրույթները։

3.Կանոնակարգով նման ձև սահմանված չլինելու դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացակարգային կանոններով։

 

Հոդված 3. Իրավասությունը

1.Արբիտրաժային դատարան կարող են հանձնվել քաղաքացիական իրավահարաբերություններից առաջացող առևտրային բնույթի բոլոր վեճերը, ինչպես նաև առևտրային բնույթ չունեցող այն վեճերը, որոնց համար օրենքով նախատեսված է վեճն արբիտրաժային կարգով լուծելու հնարավորություն։

2.Արբիտրաժային դատարան կարող է դիմել արբիտրաժային համաձայնության կողմ հանդիսացող ցանկացած անձ։

3.Արբիտրաժային դատարանը բավարարում է արբիտրաժային վարույթ սկսելու հայցվորի խնդրանքն այն դեպքում, երբ կողմերի միջև առկա է արբիտրաժային համաձայնություն՝ արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջիկայում հնարավոր վեճը Արբիտրաժային դատարան հանձնելու մասին։

4.Կոնկրետ գործով Արբիտրաժային դատարանի իրավասության վերաբերյալ հարցը լուծվում է վեճը քննող արբիտրաժային տրիբունալի կողմից։

Արբիտրաժային տրիբունալն իրավասու է, իսկ արբիտրաժային համաձայնությունը վիճարկելու դեպքում պարտավոր է առաջնահերթ քննել և որոշում կայացնել իր իրավասության, ներառյալ՝ արբիտրաժային համաձայնության առկայության կամ վավերականության վերաբերյալ։ Այս նպատակով արբիտրաժային վերապահումը, որը պայմանագրի բաղկացուցիչ մաս է, պետք է մեկնաբանվի որպես պայմանագրի մյուս մասերից անկախ համաձայնություն։ Պայմանագրի առ ոչինչ լինելու վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի որոշումը ինքնին կամ օրենքի ուժով չի հանգեցնում արբիտրաժային վերապահման անվավերության։

5.Կոնկրետ գործով վեճի վերաբերյալ ըստ էության վճիռ կայացնելը արբիտրաժային տրիբունալի բացառիկ իրավասությունն է։

 

Հոդված 4. Առարկելու իրավունքից հրաժարվելը

1.Եթե կողմին հայտնի է, որ Կանոնակարգի որևէ դրույթ, որի կիրառումը իրենց նկատմամբ կողմերը կարող են սահմանափակել, կամ արբիտրաժային համաձայնության որևէ պահանջ չի պահպանվել և այնուհանդերձ կողմը շարունակում է արբիտրաժային վարույթը՝ չհայտնելով իր առարկությունները այդպիսի չպահպանման վերաբերյալ առանց անհարկի ձգձգման, կամ այդպիսի առարկություն ներկայացնելու համար կոնկրետ ժամկետ սահմանված լինելու դեպքում այդ ժամկետի ընթացքում, ապա համարվում է, որ տվյալ կողմը հրաժարվել է առարկություն ներկայացնելու իր իրավունքից։

ԲԱԺԻՆ II.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Հոդված 5. Հատուկ համակարգչային ծրագիրը

1.Հատուկ համակարգչային ծրագիրը /այսուհետ՝ Համակարգչային ծրագիր/ մշակված ծրագիր է, որը նախատեսված է Կանոնակարգով սահմանված դեպքերում անաչառության և անկողմնակալության սկզբունքների պահպանմամբ «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից վաղօրոք հաստատված արբիտրների անվանացուցակից պատահական ընտրության սկզբունքով արբիտր նշանակելու, Արբիտրաժային դատարանի արբիտրաժային վարույթին առնչվող և այլ անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունն ապահովելու համար։

 

Հոդված 6. Արբիտրներ

1.Արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է Կանոնակարգով սահմանված կարգով «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից վաղօրոք հաստատված արբիտրների անվանացուցակից։

Իրենց գործունեությունն իրականացնելու ընթացքում արբիտրները անկողմնակալ են և անկախ։ Նրանք չեն համարվում գործին մասնակցող կողմերի ներկայացուցիչներ։

2.Արբիտրի կողմից Համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով արբիտրաժային տրիբունալի արբիտր նշանակվելու դեպքում եռօրյա ժամկետում համապատասխան փաստաթղթերը չստորագրելու դեպքում համարվում է, որ արբիտրը հրաժարվել է տվյալ գործով արբիտրի գործառույթը ստանձնելուց և տվյալ արբիտրի նշանակումը համարվում է չեղյալ։

3.Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքով արբիտրի նշանակումը չեղյալ համարվելու դեպքում Համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով նշանակվում է նոր արբիտր։

ԲԱԺԻՆ III.
ԿՈՂՄԵՐԻ ԲԱԶՄԱԿԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՆ

Հոդված 7.Պահանջները կողմերի բազմակիության դեպքում

1.Արբիտրաժային վարույթում կողմերի բազմակիության դեպքում ցանկացած կողմ կարող է պահանջներ ներկայացնել ցանկացած այլ կողմի դեմ պայմանով, որ այդ պահանջի հիմք հանդիսացող վեճերը ընդգրկված լինեն կողմերի միջև առկա արբիտրաժային համաձայնությունում/ներում/։

2.Կանոնակարգի 11-րդ հոդվածը, բացառությամբ 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արբիտր նշանակելու մասին դրույթի, կիրառվում է mutatis mutandis սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների նկատմամբ։ Ընդ որում, համապատասխան հայտարարությունները պետք է բովանդակեն այն արբիտրաժային գործի համարը, որի շրջանակներում այն տրվում է։

 

Հոդված 8. Պայմանագրի բազմակիությունը

1.Միմյանց հետ կապված պահանջները, որոնք բխում են մեկ կամ ավելի պայմանագրից, Կանոնակարգին համապատասխան կարող են քննվել մեկ արբիտրաժային վարույթի շրջանակներում, անկախ այն բանից, թե այդ պահանջները ներկայացվել են մեկ, թե ավելի արբիտրաժային համաձայնությունների հիման վրա։

 

Հոդված 9. Արբիտրաժային վարույթների միացումը

1.Կողմերի խնդրանքով Արբիտրաժային դատարանը կարող է որոշում կայացնել Արբիտրաժային դատարանի արբիտրների վարույթներում գտնվող մեկ կամ մի քանի արբիտրաժային վարույթները մեկ վարույթում միավորելու մասին այն դեպքում երբ.

ա/ կողմերը համաձայնվել են այդպիսի միավորման մասին, կամ

բ/ արբիտրաժային վարույթներով բոլոր պահանջները ներկայացվել են միևնույն արբիտրաժային համաձայնության հիման վրա, կամ

գ/պահանջներն արբիտրաժային վարույթներով ներկայացվել են ավելի քան մեկ արբիտրաժային համաձայնության հիման վրա, արբիտրաժային վարույթներն իրականացվում են միևնույն կողմերի միջև, վեճերն արբիտրաժային վարույթներում ծագել են միևնույն իրավահարաբերություններից և Արբիտրաժային դատարանը արբիտրաժային համաձայնությունները համարում է համատեղելի։

2.Միավորման մասին որոշում կայացնելիս Արբիտրաժային դատարանը կարող է հիմք ընդունել ցանկացած հանգամանք, ինչը վերջինս գտնում է գործի համար նշանակություն ունեցող, այդ թվում՝ մեկ կամ մի քանի արբիտրաժային վարույթներով արբիտրների կազմի ձևավոված լինելը և որպես արբիտրներ միևնույն կամ տարբեր անձինք նշանակված լինելը։

Արբիտրաժային վարույթները միավորվում են ավելի վաղ սկսված արբիտրաժային վարույթին, եթե կողմերն այլ բան չեն պայմանավորվել։

ԲԱԺԻՆ IV.
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԻԶԲԸ

Հոդված 10. Հայցի հարուցումը

1.Արբիտրաժային վարույթը սկսվում է Արբիտրաժային դատարան վեճը փոխանցելու մասին ծանուցում կամ հայց ներկայացնելով։

2.Հայցը ներկայացնելու ժամկետը համարվում է այն Արբիտրաժային դատարան առձեռն հանձնելու, իսկ հայցադիմումը փոստով ուղարկելու դեպքում՝ փոստային ծառայության դրոշմակնիքի ամսաթվի օրը։

 

Հոդված 11. Հայցադիմումի բովանդակությունը և ձև

1.Հայցադիմումը պետք է պարունակի՝

ա/Արբիտրաժային դատարանի անվանումը,

բ/կողմերի և նրանց ներկայացուցիչների անունը, ազգանունը, հայրանունը/անվանումը/, նրանց հաշվառման/գտնվելու վայրի/ հասցեները, ծանուցման հասցեն/եթե այն տարբերվում է հաշվառման /գտնվելու/ վայրի հասցեից/, ինչպես նաև հեռախոսային և ֆաքսիմիլային կապի համարները, էլեկտրոնային փոստի հասցեները/վերջինիս առկայության դեպքում/, այդ թվում՝ կողմ հանդիսացող քաղաքացու անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացվել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի կողմից՝ նաև այդ անձի անունը, ազգանունը, պաշտոնը,

գ/հայցվորի պահանջների նկարագրությունը՝ հղում կատարելով օրենքի, այլ իրավական ակտերի և պայմանագրի դրույթների վրա, որոնցով հայցվորը հիմնավորում է իր հայցապահանջը,

դ/ այն փաստական հանգամանքների շարադրումը, որոնց վրա հիմնված է հայցապահանջը,

ե/հայցապահանջը հիմնավորող ապացույցները,

զ/հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման,

է/հայցագինը հիմնավորող հաշվարկը,

ը/Արբիտրաժային դատարանի իրավասության հիմնավորումները՝ կատարելով հղում արբիտրաժային համաձայնության վրա,

թ/հայցադիմումի կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,

2.Հայցադիմում կարող է նշվել նաև այն արբիտրի անունը և ազգանունը, որին նշանակել է հայցվորը, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները։

3.Հայցադիմումը ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։

4.Հայցադիմումին կից ներկայացվում է՝

ա/արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը,

բ/Կանոնակարգով սահմանված կարգով հաշվարկված արբիտրաժային վճարների վճարումը հավաստող փաստաթուղթը,

գ/հայցապահանջները հաստատող ապացույցները,

դ/հայցվորի ներկայացուցչի լիազորագիրը։

 

Հոդված 12. Հայցագնի որոշումը

1.Հայցագինը որոշվում է՝

ա/դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով՝ պահանջվող գումարի չափից,

բ/հաշվեգրվող տոկոսների բռնագանձման պահանջներով՝ հաշվեգրված և բռնագանձման ենթակա տոկոսի գումարի չափից։

2.Մի քանի ինքնուրույն պահանջներով հայցերի դեպքում հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարի չափից։

3.Հայցագնի մեջ չեն ներառվում գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերը։

4.Արբիտրաժային վճարի հաշվարկման կարգը սահմանվում է Կանոնակարգի անբաժանելի մաս համարվող «Արբիտրաժային ծախսերի կարգը» Հավելված 1-ով։

 

Հոդված 13. Հայցադիմումի թերությունների վերացումը

1.Պարզելով, որ հայցադիմումը ներկայացվել է Կանոնակարգի 11-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների պահանջների խախտմամբ, Արբիտրաժային դատարանն առաջարկում է հայցվորին ողջամիտ ժամկետում վերացնելու հայտնաբերված թերությունները։

2.Եթե հայցվորը վերացնում հայցադիմումի թերությունները և պնդում է գործի քննությունը, ապա հայցադիմումը մուտք է արվում Արբիտրաժային դատարան», իսկ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է արբիտրաժային տրիբունալը։

3.Եթե հայցադիմումը ներկայացվել է Կանոնակարգի 17-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ապա այն մուտք չի արվում Արբիտրաժային դատարան։ Արբիտրաժային դատարանի սահմանած ժամկետում թերությունները չվերացվելու դեպքում հայցադիմումը կարող է վերադարձվել հայցվորին։

 

Հոդված 14. Հայցադիմումի պատասխանը

1.Արբիտրաժային դատարանի կողմից հայցադիմումի օրինակն ուղարկվում է պատասխանողին՝ վերջինիս պարզաբանելով հայցադիմումի պատասխան ներկայացնելու և հայցադիմումին կից ներկայացված և Արբիտրաժային դատարանում դեպոնացված հայցադիմումին կցված փաստաթղթերին ծանոթանալու մասին։

2.Պատասխանողը հայցադիմումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է Արբիտրաժային դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որում նշվում են՝

ա/ պատասխանողի տվյալները, փոստային հասցենները, ինչպես նաև հեռախոսային և ֆաքսիմիլային կապի համարները և էլեկտրոնային փոստի հասցեները/վերջինիս առկայության դեպքում/։

բ/ դիրքորոշում արբիտրաժային գործը Արբիտրաժային դատարան հանձնելու, ինչպես նաև հայցային պահանջներն ընդունելու կամ դրանց դեմ առարկելու վերաբերյալ,

գ/ այն փաստական հանգամանքները, որոնց վրա հիմնված պատասխանողի դիրքորոշումը և այդ հանգամանքները հիմնավորող ապացույցները,

դ/ պատասխանողի դիրքորոշման հիմնավորումները նյութական իրավունքի կիրառման հաշվառմամբ,

ե/ հայցադիմումի պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը։

3.Միանձնյա արբիտրաժային տրիբունալի կողմից վեճը քննելու դեպքում հայցադիմումի պատասխանում կարող է նշվել կարծիք՝ վեճը պատահական ընտրության սկզբունքով Համակարգչային ծրագրով նշանակված արբիտրի կողմից քննելու վերաբերյալ, իսկ արբիտրների կազմով քննելու դեպքում՝ նշում պատասխանողի/ների/ կողմից նշանակված արբիտրի անվան, ազգանվան մասին կամ միջնորդություն՝ Համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով արբիտր նշանակելու մասին։

 

Հոդված 15. Հակընդդեմ հայց 

1.Պատասխանողը, հայցադիմումը ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իրավասու է Արբիտրաժային դատարան ներկայացնել հակընդդեմ հայց։

2.Հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել, եթե հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ և հակընդդեմ հայցը կարող է քննվել արբիտրաժային համաձայնության համաձայն։

3.Պատասխանողի կողմից հակընդդեմ հայց ներկայացվելու դեպքում հայցվորը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է արբիտրաժային տրիբունալին ներկայացնել հակընդդեմ հայցի պատասխան։

4.Հակընդդեմ հայցի պատասխանին կից պետք է ներկայացվեն բոլոր այն ապացույցները, որոնցով հայցվորը հիմնավորում է իր առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։

5.Հակընդդեմ հայցը պետք է համապատասխանի Կանոնակարգի 11-րդ, 16-րդ և 17-րդ հոդվածների պահանջներին։

6.Սահմանված ժամկետներում կողմերի կողմից համապատասխան դիրքորոշում չներկայացնելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ արբիտրաժային տրիբունալի կողմից արբիտրաժային վարույթը շարունակելու համար։

7.Հակընդդեմ հայցի նկատմամբ կիրառվում է Կանոնակարգի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգը։

 

Հոդված 16. Արբիտրաժային ծախսեր

1.Արբիտրաժային ծախսերը ներառում են՝

ա/արբիտրաժային վճարը,

բ/գործի քննության հետ կապված լրացուցիչ ծախսերը։

2.Արբիտրաժային դատարանը, իսկ արբիտրաժային տրիբունալ ձևավորված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը, կարող է արբիտրաժային վարույթի ընթացքում կայացնել որոշում՝ լրացուցիչ ծախսերը հոգալու համար հավելյալ գումարների վճարման վերաբերյալ։

3.Լրացուցիչ ծախսերը վճարում է այն կողմը, ում կատարած դատավարական գործողությունների հետևանքով առաջացել է այդ ծախսերի կատարման անհրաժեշտությունը։ Արբիտրաժային լրացուցիչ դատավարական գործողությունները, որոնցով պայմանավորված է սույն կետում նշված վճարի անհրաժեշտությունը, չեն կատարվում և արբիտրաժային վարույթը շարունակվում է առանց այդ գործողությունների կատարման, մինչև դրանց համար վճարելը։

4.Արբիտրաժային ծախսերի չափը, վճարման կարգը, ծախսերի բաշխումը կողմերի միջև, ինչպես նաև արբիտրաժային վարույթի այլ ծախսերի հետ կապված հարաբերությունները սահմանվում են Կանոնակարգի անբաժանելի մասը համարվող «Արբիտրաժային ծախսերի կարգը» Հավելված 1-ով։

ԲԱԺԻՆ V.
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ

Հոդված 17. Փաստաթղթերի ներկայացման կարգը

1.Արբիտրաժային վարույթին վերաբերող դատավարական փաստաթղթերը/հայցադիմում, հակընդդեմ հայց, հայցադիմումի պատասխան, առարկություններ, իրավական դիրքորոշում և այլն/ և այլ գրավոր հաղորդումները Արբիտրաժային դատարան կողմերը ներկայացնում են արբիտրաժային վարույթի կողմերին համապատասխան քանակից մեկ օրինակ ավել։

2.Սույն հոդվածի առաջին մասում նշված դատավարական փաստաթղթերը և այլ գրավոր հաղորդումները կողմերը ներկայացնում են նաև էլեկտրոնային եղանակով՝ GHEA Grapalat տառատեսակով՝ Արբիտրաժային դատարանի էլեկտրոնային հասցեին։

3.Սույն հոդվածի առաջին մասում նշված դատավարական փաստաթղթերը և այլ գրավոր հաղորդումները կողմերը  կարող են Արբիտրաժային դատարան ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով /սքանավորված/՝ Արբիտրաժային դատարանի էլեկտրոնային հասցեով։

4.Արբիտրաժային դատարան հանձնվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են հայերեն լեզվով։ Արբիտրաժային տրիբունալի համաձայնությամբ փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև կողմերի համար ընդունելի այլ լեզվով։

 

Հոդված 18. Ծանուցումը և ժամկետների հաշվարկը   

1.Ծանուցումը, ներառյալ հաղորդակցությունը, հաղորդումը կամ առաջարկությունը, կարող է առաքվել կապի ցանկացած միջոցով, որն ապահովում է կամ հնարավորություն է տալիս հաստատել դրա փոխանցման փաստը։

2.Եթե որևէ հասցե, որը հատուկ այդ նպատակով նշվել է կողմերից մեկի կողմից, ապա ցանկացած ծանուցում տվյալ անձին առաքվում է նշված հասցեով և համարվում է ստացված առաքման փոստով։ Հասցեի փոփոխության դեպքում կողմերը պարտավոր են այդ մասին անմիջապես հայտնել Արբիտրաժային դատարան։

Հաղորդակցության ուղարկումն այնպիսի էլեկտրոնային միջոցներով, ինչպիսիք են ֆաքսիմիլային կապը կամ էլեկտրոնային հասցեն, կարող է իրականցվել միայն այն հասցեով, որը նշված է կամ թույլատրված է այդ նպատակի համար։

3.Նշված կամ թույլատրված հասցեի բացակայության դեպքում ծանուցումը համարվում է ստացված, եթե՝

ա/ այն հասցված է անձամբ հասցեատիրոջը, կամ

բ/այն հասցված է առևտրային կազմակերպության գործունեության իրականացման վայր, կամ հասցեատիրոջ մշտական բնակության վայր կամ հասցեատիրոջ փոստային հասցեով։

4.Եթե ողջամիտ հարցումներ կատարելուց հետո նշված հասցեներից ոչ մեկը չի կարող պարզվել, գրավոր հաղորդակցությունը համարվում է ստացված, եթե դա ուղարկված է հասցեատիրոջ՝ ուղարկողին հայտնի վերջին գործունեության վայր, մշտական բնակության կամ փոստային վերջին հայտնի հասցեով՝ պատվիրված նամակով կամ նշված գրավոր հաղորդակցությունն հասցնելու փորձի գրանցումն ապահովող որևէ այլ ձևով։

5.Հաղորդակցությունը համարվում է ստացված այն հասցեատիրոջը սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերին համապատասխան հասցվելու օրը կամ 4-րդ կետով նախատեսված հասցվելու փորձի համապատասխան օրը։ Էլեկտրոնային միջոցներով փոխանցված հաղորդագրությունը համարվում է ստացված այն ուղարկելու օրը, բացառությամբ տվյալ եղանակով ուղարկված արբիտրաժային վարույթի մասին հաղորդակցության, որը համարվում է ստացված միայն այն օրը, երբ այն հասցվել է հասցեատիրոջ էլեկտրոնային հասցեին։

6.Կանոնակարգով սահմանված ժամկետների հաշվարկման համար ժամկետի հոսքը սկսվում է ծանուցումը ստանալու հաջորդ օրվանից։ Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը։ Արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել ժամկետները, եթե դա համարի արդարացված։

ԲԱԺԻՆ VI.
ԱՐԲԻՏՐԱԺԻ ԿԱԶՄԸ

Հոդված 19. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը

1.Մինչև տաս միլիոն դրամ կամ դրան համարժեք արտարժույթային գումարի բռնագանձման պահանջներով վեճը քննող արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է միանձնյա արբիտրի կազմով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ։

2.Կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ ցանկացած վեճ կարող է լուծվել միանձնյա արբիտրաժային տրիբունալի կողմից։ Այդ դեպքերում, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ, ելնելով անկողմնակալության և անաչառության սկզբունքից արբիտրաժային տրիբունալը նախագահող միանձնյա արբիտր է դառնում Համակարգչային ծրագրի միջոցով  հետապնդում «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից վաղօրոք հաստատված արբիտրների անվանացուցակից պատահական ընտրության սկզբունքով նշանակված արբիտրը, եթե մինչև գործն արբիտրաժային վարույթ ընդունելը հայցվորը չի նշանակել արբիտր։

3.Եթե հայցվորը մինչև գործն արբիտրաժային վարույթ ընդունելը նշանակել է արբիտր, ապա տվյալ արբիտրը դառնում է արբիտրաժային տրիբունալը նախագահող միանձնյա արբիտր, եթե պատասխանողը վեճը տվյալ արբիտրի կողմից միանձնյա քննելու մասին ծանուցումը պատշաճ ստանալու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկություն չի ներկայացնում արբիտրաժային տրիբունալի նախագահողի թեկնածության դեմ։

Տվյալ արբիտրի՝ որպես վեճը քննող միանձնյա արբիտրաժային տրիբունալի նախագահողի, թեկնածության դեմ պատասխանողի կամ պատասխանողներից որևէ մեկի կողմից սահմանված ժամկետում առարկություններ ներկայացնելու դեպքում վեճը քննող միանձնյա արբիտր է դառնում Համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով նշանակված արբիտրը։

4.Կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված դեպքերում՝ մինչև  տաս միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարի բռնագանձման պահանջներով, իսկ արբիտրաժային համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում՝ տաս միլիոն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գումար բռնագանձելու պահանջներով, ինչպես նաև այլ պահանջներով գործերով արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է երեք արբիտրի կազմով, որի դեպքում կողմերից յուրաքանչյուրը «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից վաղօրոք հաստատված արբիտրների անվանացուցակից նշանակում է մեկական արբիտր, իսկ կողմերի կողմից նշանակված արբիտրները նշանակում են երրորդ արբիտրին, որն էլ դառնում է արբիտրաժային տրիբունալը նախագահողը։

Եթե կողմերը որպես արբիտր նշանակում են միևնույն անձին, ապա վեճը քննող արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է միանձնյա արբիտրի կազմով։

Կողմերը կարող են նաև դիմում/միջնորդություն/ ներկայացնել, որ արբիտրը նշանակվի Համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով։

5.Սույն հոդվածի  4-րդ կետով նախատեսված դեպքերում, եթե պատասխանողը հայցադիմումը ստանալու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի ներկայացնում արբիտրի թեկնածություն, ապա վերջինս նշանակվում է Համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով։

6.Կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված դեպքերում արբիտրաժային տրիբունալը կարող է կազմավորվել նաև երեքից ավելի արբիտրների կազմով, սակայն արբիտրների քանակը միշտ պետք է լինի կենտ։ Ընդ որում, եթե գործին մասնակցում են մի քանի հայցվորներ կամ մի քանի պատասխանողներ, ապա հայցվորների և պատասխանողների կողմից պետք է նշանակվեն հավասար թվով արբիտրներ։

7.Եթե արբիտրաժային տրիբունալը բաղկացած է մեկից ավելի արբիտրից, ապա կողմերի կողմից նշանակված արբիտրները ընտրում են վերջին արբիտրին, իսկ համաձայնության բացակայության դեպքում վերջին արբիտրը նշանակվում է Համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով։

8.Արբիտրների կազմով արբիտրաժային գործին երկու կամ ավելի հայցվորներ կամ պատասխանողներ մասնակցելու դեպքում արբիտրին նշանակում են բոլոր հայցվորները կամ բոլոր պատասխանողները համատեղ։ Եթե հայցվորները կամ պատասխանողները չեն համաձայնվում արբիտրների համատեղ նշանակման հարցում, ապա նրանց փոխարեն արբիտրը նշանակվում է Համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով։

 

Հոդված 20. Արբիտրների կողմից հանգամանքների բացահայտումը և բացարկը

1.Որպես արբիտր հնարավոր նշանակման մասին առաջարկ ստացած անձը պարտավոր է հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են հիմնավոր կասկած առաջացնել նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ։ Արբիտրը իր նշանակման պահից և արբիտրաժի ամբողջ ընթացքում՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից վերջնական վճռի կայացումը կամ արբիտրաժային վարույթի որևէ այլ ձևով ավարտը, պարտավոր է կողմերին անհապաղ հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, եթե նա ավելի վաղ չի հայտնել վերջիններիս դրանց մասին։

2.Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի բացարկ հայտնելու արբիտրին , եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են հարուցում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում։

3.Կողմը կարող է նշանակված արբիտրին բացարկ հայտնել միայն այնպիսի հիմքերով, որոնք իրեն հայտնի են դարձել նշանակումից հետո։

4.Արբիտրի անգործության կամ բացարկի հիմքով իր գործառույթները իրավաբանորեն կամ փաստացի չկատարելու դեպքում կիրառվում են Կանոնակարգի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերը։

 

Հոդված 21.Բացարկման ընթացակարգը

1.Բացարկի մասին կողմերի գրավոր դիմումները, որոնցում շարադրված են բացարկի հիմքերը, պետք է ներկայացվեն հինգ աշխատանքային օրվա ժամկետում, այն բանից հետո, երբ կողմն իմացել է արբիտրաժային տրիբունալի ձևավորման մասին, կամ այն բանից հետո, երբ կողմն իմացել է այնպիսի հանգամանքների մասին, որոնք բացարկի հիմք կարող են հանդիսանալ։

2.Բացարկի մասին դիմումը ուղարկվում է արբիտրաժային վարույթի բոլոր կողմերին, հանձնվում է բացարկվող արբիտրին և մյուս արբիտրներին՝ արբիտրների կազմով արբիտրաժային տրիբունալի դեպքում։

3.Երբ բացարկը արբիտրին հայտնել է որևէ կողմ, ապա բոլոր կողմերը կարող են համաձայնվել արբիտրի բացարկման ընթացակարգի վերաբերյալ։

4.Եթե արբիտրը, որին բացարկ է հայտնվել, ինքնաբացարկ չի հայտնում կամ մյուս կողմը չի համաձայնվում բացարկին, ապա բացարկի հարցը որոշում են արբիտրաժային տրիբունալի մյուս անդամները։ Եթե նրանք համաձայնության չեն գալիս կամ եթե բացարկը հայտնվել է միանձնյա արբիտրին, ապա բացարկի հարցը որոշում է Արբիտրաժային դատարանի ղեկավարը։

5.Եթե հայտնված բացարկը մերժվում է, ապա բացարկ հայտնած կողմը բացարկի մերժման մասին որոշումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, կարող է դիմել «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դատարան՝ բացարկի վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով։ Քանի դեռ կողմի նման դիմումի վերաբերյալ որոշում ընդունված չէ, արբիտրաժային տրիբունալը, ներառյալ՝ այն արբիտրը, որին բացարկ է հայտնվել, կարող է շարունակել արբիտրաժային վարույթը և վճիռ կայացնել։

6.Արբիտրն իր հայեցողությամբ կարող է նաև ինքնաբացարկ հայտնել։ Ինքնաբացարկ հայտնելու կամ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված համաձայնությունը չի ենթադրում սույն հոդվածով կամ Կանոնակարգի 20-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով կամ 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի ընդունում։

7.Բացարկ կարող է հայտնվել նաև վարույթին մասնակցող փորձագետներին և թարգմանիչներին։ Այս դեպքում բացարկի հարցը լուծում է արբիտրաժային տրիբունալը։

 

Հոդված 22. Արբիտրի իրավասությունների դադարումը

1.Այն դեպքում, երբ արբիտրն իրավաբանորեն կամ փաստացի ի վիճակի չէ կատարել կամ այլ պատճառներով չի կատարում իր գործառույթները առանց անհարկի ձգձգման, նրա լիազորությունները դադարում են՝ ինքնաբացարկ հայտնելով, կամ երբ կողմերը համաձայնվում են նրա լիազորությունների դադարման մասին։

2.Սույն հոդվածի առաջին մասում նշված հիմքերի առկայության պայմաններում ողջամիտ ժամկետում արբիտրի կողմից իր լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշում չկայացնելու կամ արբիտրի լիազորություների դադարեցման վերաբերյալ կողմերի համաձայնություն չլինելու դեպքում արբիտրի լիազորությունների դադարեցման մասին որոշումը կայացնում է «Արբիտրաժային դատարանի» ղեկավարը՝ արբիտրի հատուկ Համակարգչային ծրագրով պատահական ընտրության սկզբունքով նշանակված լիելու դեպքում։

3.Այլ դեպքերում, երբ առկա են տարաձայնություններ սույն հոդվածի 1-ին կետի հիմքերից որևէ մեկի վերաբերյալ, արբիտրի լիազորությունների դադարեցման հարցը լուծելու նպատակով կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված դատարան։

4.Արբիտրի լիազորությունները դադարում են նաև, եթե՝

ա/արբիտրը մահացել է,

բ/արբիտրին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ,

գ/արբիտրի հետ կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրն օրենքով սահմանված կարգով լուծվել է,

դ/արբիտրի լիազորությունները  «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է։

5.Սույն հոդվածով նախատեսված կամ այլ հիմքերով արբիտրի լիազորությունները դադարելու դեպքում լիազորությունները դադարած արբիտրը չի կարող քննել տվյալ գործը։

 

Հոդված 23. Արբիտրի փոխարինումը 

1.Եթե արբիտրի լիազորությունները դադարում են Կանոնակարգի 20-րդ կամ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով կամ որևէ այլ պատճառով ինքնաբացարկ հայտնելու կամ կողմերի համաձայնության ուժով կամ այլ հիմքերով, ապա նոր արբիտրը նշանակվում է նույն կարգով, որով նշանակվել էր փոխարինվող արբիտրը։

2.Կողմերի կողմից նշանակված արբիտրի լիազորությունները սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով դադարելու և կանոնակարգով սահմանված կարգով նոր արբիտրը նշանակվում է Համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրության սկզբունքով։

3.Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, երբ Կանոնակարգի 20-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան՝ փոխարինվում է միանձնյա արբիտրը կամ արբիտրաժային տրիբունալի նախագահողը, ապա նախկինում անցկացված բոլոր լսումները նորից են վերսկսվում, իսկ եթե փոխարինվում է ցանկացած այլ արբիտր, ապա այդպիսի լսումները կարող են վերսկսվել արբիտրաժային տրիբունալի հայեցողությամբ։

ԲԱԺԻՆ VII.
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 24. Վարույթի ընդհանուր դրույթները 

1.Արբիտրաժային վարույթն իրականացվում է մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքի հիման վրա։

2.Կողմերը և նրանց ներկայացուցիչները պարտավոր են բարեխղճորեն իրականացնել իրենց դատավարական իրավունքները, թույլ չտալ այդ իրավունքների չարաշահում և պահպանել դրանց իրականացման համար սահմանված ժամկետները։

3.Կողմերի համաձայնությամբ չկարգավորված հարցերը քննելիս արբիտրաժային տրիբունալը հետևելով «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի դրույթներին, ելնելով անաչառության և անկողմնակալության սկզբունքից, վարում է քննությունն այնպիսի եղանակով, որը նա գտնում է նպատակահարմար՝ պահպանելով հավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ և հնարավորություն տալով կողմերից յուրաքանչյուրին հավասարապես պաշտպանելու իրենց շահերը։ Արբիտրաժային տրիբունալը իր հայեցողությամբ վարույթն իրականացնում է խուսափելով անհարկի ձգձգումներից և ծախսերից, ապահովելով արդարացի և արդյունավետ վարույթ՝ կողմերի միջև վեճը լուծելու համար։

4.Արբիտրաժային տրիբունալը կարող է կայացնել մեկ կամ մի քանի որոշումներ արբիտրաժային վարույթին մասնակցող բոլոր կողմերի վերաբերյալ։

 

Հոդված 25. Արբիտրաժի վայրը 

1.Արբիտրաժի վայրն է՝ քաղաք Երևանը։ Արբիտրաժի որոշումը համարվում է կայացված այն վայրում, որտեղ իրականացվել է արբիտրաժային վարույթը։

2.Կողմերը կարող են համաձայնվել լսումներն այլ վայրում անցկացնելու մասին։ Նման դեպքում լսումների վայրի տեղափոխման հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը կատարվում, իսկ այնուհետև բաշխվում են կողմերի միջև համամասնորեն։

 

Հոդված 26. Արբիտրաժային վարույթի լեզուն

1.Գործի արբիտրաժային վարույթն իրականացվում է հայերեն լեզվով։

2.Եթե կողմը չի տիրապետում գործի վարույթի իրականացման լեզվին, ապա արբիտրաժային տրիբունալը կողմի խնդրանքով և վերջինիս հաշվաին կարող է նրան ապահովել թարգմանչական ծառայություններով։

3.Եթե որևէ փաստաթուղթ կազմված է ոչ արբիտրաժային վարույթի լեզվով և չի ներկայացվել այդ փաստաթղթի թարգմանությունը, ապա արբիտրաժային տրիբունալը կարող է կողմին պարտավորեցնել ներկայացնել փաստաթղթի թարգմանված տարբերակը։

 

Հոդված 27.Գործի քննության ժամկետը

1.Արբիտարաժային տրիբունալը որպես կանոն գործի վարույթն ավարտում է վճիռ կայացնելու համար գործը արբիտրաժային տրիբունալին հանձնելու պահից երեսնօրյա ժամկետում։

2.Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը խախտելու հետևանքով արբիտրի մոտ գործեր կուտակվելու դեպքում Արբիտրաժային դատարանի ղեկավարի գրության հիման վրա կարող է ժամանակավորապես դադարեցվել տվյալ արբիտրի պատահական ընտրության սկզբունքով Համակարգչային ծրագրով որպես գործ քննող արբիտր նշանակվելը։

 

Հոդված 28. Գաղտնիությունը

1.Եթե օրենքով կամ դատարանի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, կամ եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա բոլոր արբիտրաժային վարույթները գաղտնի են և դռնփակ, և ոչ մի փաստաթուղթ կամ ներկայացված այլ ապացույց կամ արբիտրաժի ժամանակ երբևէ կատարված հայտարարություն չի կարող տրամադրվել այլ անձանց կամ որևէ դատարանի կամ այլ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկությունները տրամադրվում են դատարանի որոշմամբ կամ անհրաժեշտ են դատարանում վարույթի շրջանակներում՝ արբիտրաժի վճռի ճանաչման, հարկադիր կատարման կամ չեղյալ հայտարարման համար։

2. Արբիտրաժային դատարանի արբիտրները, Արբիտրաժային դատարանի ղեկավարը և աշխատողները, փորձագետն ու թարգմանիչը պարտավոր են չհրապարակել Արբիտրաժային դատարանին հանձնված վեճերի մասին իրենց հայտնի դարձած որևէ տեղեկություն, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել կողմերի օրինական շահերին։
Հոդված 29. Կիրառելի իրավունքը, արդարությունը

1.Արբիտրաժային տրիբունալը վեճերը լուծելիս կիրառում է կողմերի համաձայնությամբ ընտրված իրավունքի նորմերը։ Ցանկացած պետության իրավունքին կամ իրավական համակարգին կատարված հղումը պետք է մեկնաբանվի որպես տվյալ պետության իրավունքի նյութական, այլ ոչ թե կոլիզիոն նորմերին կատարված հղում։

2.Կողմերի համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժային տրիբունալը կիրառում է այն իրավունքը, որը որոշված է իր կողմից կիրառելի համարվող կոլիզիոն նորմերով։ Այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալի կողմից ընտրված իրավունքն այլ է, քան արբիտրաժի վայրի իրավունքը, ապա արբիտրաժային տրիբունալը պարտավոր է պատճառաբանել այդ ընտրությունը։

3.Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից անկախ՝ կողմերի համաձայնության բացակայության դեպքում, եթե արբիտրաժի վայրը Հայաստանի Հանրապետությունն է, և արբիտրաժի կողմը ՀՀ քաղաքացին է կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձը, ապա արբիտրաժային տրիբունալը վեճը լուծելիս կիրառում է ՀՀ իրավունքի նորմերը։

4.Բոլոր դեպքերում արբիտրաժային տրիբունալը վճիռ է կայացնում պայմանագրի պայմանների համաձայն՝ հաշվի առնելով տվյալ գործարքի համար կիրառելի իրավունքը և առևտրային սովորությունները։

5.Արբիտրաժային տրիբունալը իրավունք ունի վեճը լուծելու արդարության ընդհանուր սկզբունքների վրա միայն այն դեպքում, եթե նա այդ մասին լիազորված է կողմերի կողմից հստակ արտահայտված ձևով։

 

Հոդված 30. Կողմերի ներկայացուցչությունը

1.Կողմերը կարող են իրենց գործերը վարել անմիջականորեն /անձամբ/ կամ գործը վարելու համար պատշաճ ձևակերպված լիազորագիր ունեցող ներկայացուցիչների միջոցով։

 

Հոդված 31.Երրորդ անձանց մասնակցությունը

1.Երրորդ անձի ներգրավվումը արբիտրաժային վարույթին թույլատրվում է միայն արբիտրաժային վարույթի կողմերի համաձայնությամբ։

2.Երրորդ անձին վարույթ ներգրավվելու համար, բացի կողմերի համաձայնությունից պահանջվում է նաև ներգրավվող կողմի համաձայնությունը։

3.Երրորդ անձին ներգրավվելու համաձայնությունը պետք է լինի գրավոր։

4.Երրորդ անձին ներգրավվելու մասին դիմումը պետք է պարունակի՝

ա/ հղում կոնկրետ արբիտրաժային վարույթին, որին ցանկանում է ներգրավել անձը,

բ/ երրորդ անձի լրիվ անվանումը, ներառյալ հասցեն և կոնտակտային տվյալները,

գ/ պատճառները, որոնց վրա հիմնվում է ներգրավվելու մասին դիմումը,

դ/ երրորդ անձի մասնակցության ձևը։

5.Արբիտրաժային վարույթին ներգրավվելու մասին երրորդ անձի դիմումի նկատմամբ, բացառությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձի, mutatis mutandis կիրառվում են Կանոնակարգի 11-րդ հոդվածի՝ ներառյալ արբիտրաժային վճարի վերաբերյալ պահանջները։

6.Արբիտրաժային վարույթին մասնակցելու վերաբերյալ երրորդ անձի համաձայնությունը համարվում է երրորդ անձի համաձայնություն՝ արբիտրաժային համաձայնության պայմաններին և Կանոնակարգի դրույթներին, ինչպես նաև երրորդ անձի համար արբիտրաժային համաձայնության պայմանների և Կանոնակարգի դրույթների պարտադիրություն։

7.Արբիտրաժային վարույթ ներգրավված երրորդ անձը վարույթն ընդունում է այնպես, ինչպես այն առկա էր մինչև նրա ներգրավելու պահը, մասնավորապես նման անձն իրավունք չունի՝

ա/ պահանջել կատարել կրկնակի դատավարական գործողություններ, որոնք կատարվել են մինչև տվյալ երրորդ անձի ներգրավվելը,

բ/ ներկայացնել առարկություններ արբիտրաժային տրիբունալի կազմի և ձևավորման վերաբերյալ,

գ/ արբիտրաժային տրիբունալի կազմին ներկայացնել բացարկներ այն հիմքերով, որպիսի հիմքերով այն ներկայացվել էր մինչև արբիտրաժային վարույթիներրորդ անձի ներգրավվումը,

դ/ պահանջել իրականացնել արբիտրաժային վարույթի կողմի այլ իրավունքներ և պարտականություններ, որոնց իրականացման համար Կանոնակարգով կամ արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ժամկետները լրացել են։

8.Արբիտրաժային տրիբունալը կողմի պատճառաբանված դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, եթե արբիտրաժային վարույթի բնույթի հաշվառմամբ այն կհամարի անհրաժեշտ, կարող է հրաժարվել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ցանկացած կանոնից։

 

Հոդված 32. Գործի նախապատրաստումը

1.Արբիտրաժային տրիբունալի նախագահողը ստուգում է գործի քննության նախապատրաստական վիճակը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում է լրացուցիչ միջոցներ գործի նախապատրաստման համար, մասնավորապես՝ կողմերից պահանջում է ներկայացնել գրավոր բացատրություններ, ապացույցներ և այլ լրացուցիչ փաստաթղթեր։

2.Արբիտրաժային տրիբունալը գործի նախապատրաստման համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելիս նշանակում է ողջամիտ ժամկետներ, որոնց ընթացքում պետք է իրականացվեն այդ լրացուցիչ միջոցները։

3.Արբիտրաժային տրիբունալի նախագահողը կարող է դիմել Արբիտրաժային դատարան գործի նախապատրաստման և վարույթի անցկացման հետ կապված որոշակի գործողությունների իրականացման խնդրանքով։

4.Արբիտրաժային տրիբունալը որոշում է, թե հայցադիմումին կամ հայցադիմումի պատասխանին կից կողմերը ինչ լրացուցիչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն՝ սահմանելով համապատասխան ժամկետներ նշված փաստաթղթերը ներկայացնելու համար։

5.Արբիտրաժային գործն արբիտրին հանձնելուց հետո գործի համար պատասխանատվությունը կրում է արբիտրը։

 

Հոդված 33.  Արբիտրաժային վարույթի սկիզբը

1.Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա տվյալ վեճի հետ կապված արբիտրաժային վարույթը համարվում է սկսված վեճը Արբիտրաժային դատարան փոխանցելու մասին ծանուցումը պատասխանողի կողմից ստանալու օրը։

 

Հոդված 34. Հայցի հիմքը և առարկան կամ հայցադիմումի պատասխանը լրացնելը

1.Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի առանց անհարկի ձգձգման փոխելու կամ լրացնելու հայցի հիմքը կամ առարկան կամ հայցադիմումի պատասխանը, նվազեցնելու կամ ավելացնելու հայցապահանջների չափը՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննությունն ավարտված հայտարարելը։ Ընդ որում, հայցի հիմքն ու առարկան չեն կարող փոխվել այնպես, որ հայցապահանջը դուրս գա արբիտրաժային համաձայնության շրջանակներից։

2.Հայցապահանջն ավելացնելու դեպքում հայցվորը պարտավոր է հայցային պահանջն ավելացնելու վերաբերյալ դիմումին կից ներկայացնել հայցապահանջի ավելացված մասին համապատասխանող արբիտրաժային վճարի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Նշված փաստաթուղթը չներկայացնելու դեպքում դիմումը վերադարձվում է հայցվորին և հայցային պահանջը համարվում է չավելացված։

3.Արբիտրաժային տրիբունալը կողմերի կողմից գրավոր հայտարարություններ և այլ ապացույցներ ներկայացնելու համար կարող է սահմանել ժամկետներ՝ ներկայացված փաստաթղթերը և նյութերը մյուս կողմին ծանոթանալու նպատակով նախօրոք տրամադրելու համար։

 

Հոդված 35. Ապացույցները

1.Կողմերը պարտավոր են ապացուցել իրենց պահանջների կամ առարկությունների հիմքում ընկած հանգամանքները։

2.Ցանկացած ժամանակ արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերից պահանջել արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանած ժամկետում ներկայացնել նաև փաստաթղթեր, իրեղեն կամ այլ ապացույցներ։

3.Արբիտրաժային տրիբունալը իրավասու է նաև իր հայեցողությամբ փորձաքննություն նշանակել և դիմել երրորդ անձանց՝ ապացույցներ ներկայացնելու համար, ինչպես նաև հրավիրել և լսել վկաների։

4.Կողմը կարող է ներկայացնել գրավոր ապացույցների բնօրինակները կամ դրանց պատշաճ վավերացված պատճենները։

5.Կողմի՝ անհրաժեշտ ապացույցներ չտրամադրելը չի խոչընդոտում արբիտրաժային տրիբունալին շարունակել վարույթը և վճիռ կայացնել իր տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա։

6.Ապացույցների ստուգումը /հետազոտումը/ իրականացվում է արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված եղանակով։

7.Ներկայացված ապացույցների թույլատրելիությունը, վերաբերելիությունը, էականությունը և նշանակալիությունը գնահատում է արբիտրաժային տրիբունալը։

 

Հոդված 36. Գործի լսումները և փաստաթղթային վարույթը

1.Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը որոշում է կայացնում գործ վարույթն իրականացնել կամ բանավոր լսումների կամ միայն փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա։ Այնուամենայնիվ արբիտրաժային տրիբունալը պարտավոր է իրականացնել բանավոր լսումներ արբիտրաժային վարույթի համապատասխան փուլում՝ կողմերից որևէ մեկի խնդրանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմերը պարտավորվել են չիրականացնել բանավոր լսումներ։

2.Արբիտրաժային տրիբունալին կողմերից մեկի ներկայացրած բոլոր հայտարարությունները, փաստաթղթերը կամ այլ տեղեկատվությունը պետք է տրամադրվեն մյուս կողմին։ Փորձագիտական եզրակացությունը կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթերը, որոնց վրա արբիտրաժային տրիբունալը կարող է հիմնվել վճիռ կայացնելիս, պետք է ուղարկվեն կողմերին։

3.Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հայտարարությունների, փաստաթղթերի կամ այլ տեղեկատվության, ինչպես նաև փորձագիտական եզրակացության կամ ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստաթղթերի վերաբերյալ կողմերն իրենց դիրքորոշումը կարող են հայտնել հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

 

Հոդված 37. Արբիտրաժային տրիբունալի կողմից նշանակված փորձագետը

1.Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը իր նախաձեռնությամբ կամ արբիտրաժային վարույթի կողմի միջնորդությամբ կարող է նշանակել մեկ կամ մի քանի փորձագետ՝ արբիտրաժային տրիբունալի կողմից որոշված հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու համար։

2.Որպես կանոն, մինչև նշանակվելը փորձագետը արբիտրաժային տրիբունալին է ներկայացնում իր անաչառության և անկախության վերաբերյալ հայտարարություն, ինչն ուղարկվում է կողմերին։ Արբիտրաժային տրիբունալի կողմից սահմանված ժամկետում կողմերը արբիտրաժային տրիբունալին հայտնում են փորձագետի մասնագիտական ունակությունների, անաչառության կամ անկախության վերաբերյալ իրենց ունեցած որևէ առարկության մասին։ Արբիտրաժային տրիբունալը անհապաղ կայացնում է որոշում՝ ներկայացված առարկություններն ընդունելու անհրաժեշտության մասին։ Կողմերը փորձագետի նշանակվելուց հետո նրա մասնագիտական ունակությունների, անաչառության կամ անկախության իրենց առարկությունները կարող են ներկայացնել միայն այն դեպքում, երբ առարկությունները պայմանավորված են եղել այնպիսի հանգամանքներով, որոնք կողմերին հայտնի են դարձել փորձագետի նշանակումից հետո։ Արբիտրաժային տրիբունալը անհապաղ կայացնում է որոշում՝ համապատասխան միջոցներ կիրառելու մասին, եթե այդպիսի միջոցներ կիրառելու անհրաժեշտությունն առկա է։

3.Կողմերը փորձագետին տրամադրում են գործին վերաբերող ցանկացած տեղեկություն կամ ուսումնասիրության համար ներկայացնում են գործին վերաբերող փաստաթղթեր, ապրանքներ և այլ գույք, որոնք փորձագետի կողմից կարող է պահանջվել կողմերից։ Փորձագետի և կողմերի միջև ծագած ցանկացած վեճ, որն առաջացել է փորձագետի կողմից գործին վերաբերող փաստաթղթեր, ապրանքներ և այլ գույք պահանջելու հիմնավորվածության վերաբերյալ, լուծվում է արբիտրաժային տրիբունալի կողմից։

4.Փորձագետի կողմից տրված եզրակացության օրինակներն ուղարկվում են կողմերին և նրանց տրվում է հնարավորություն՝ եզրակացության վերաբերյալ իրենց գրավոր դիրքորոշումները հայտնելու համար։ Կողմերն իրավունք ունեն ծանոթանալ այն փաստաթղթերի հետ, որոնք դրվել են փորձագետի եզրակացության հիմքում։

5.Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա կողմերից մեկի պահանջով, կամ եթե արբիտրաժային տրիբունալը դա անհրաժեշտ համարի, փորձագետը պարտավոր է իր գրավոր կամ բանավոր եզրակացությունը ներկայացնելուց հետո մասնակցել արբիտրաժի նիստին, որտեղ արբիտրաժային տրիբունալին և կողմերին տրվում է նրանց հարցեր տալու հնարավորություն, ինչպես նաև կողմերը կարող են ներկայացնել փորձագետ-վկաներ՝ քննվող հարցերի շուրջ բացատրություններ տալու նպատակով։

6.Սույն հոդվածով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությունը ենթակա է գնահատման արբիտրաժային տրիբունալի կողմից։

 

Հոդված 38. Բանավոր լսումներ

1.Կողմերի ներկայացված ապացույցների հիման վրա իրենց դիրքորոշումները հայտնելու և բանավոր վիճաբանությունների համար, իրականացվում են բանավոր լսումներ։ Բանավոր լսումներն իրականացվում են դռնփակ։ Արբիտրաժային տրիբունալի թույլտվությամբ և կողմերի համաձայնությամբ բանավոր լսումներին կարող են ներկա գտնվել արբիտրաժային վարույթին չմասնակցող անձինք։

2.Բանավոր լսումների նիստերի անցկացման վայրի և ժամանակի մասին կողմերը տեղեկանում են ծանուցագրերով, որոնք կողմերին պետք է ուղարկվեն այնպիսի հաշվարկով, որպեսղի յուրաքանչյուր կողմ ծանուցագիրը ստանալուց հետո իր տնօրինության տակ ունենա ոչ պակաս հինգ աշխատանքային օր՝ բանավոր լսումներին պատրաստվելու և ներկայանալու համար։

3.Բանավոր լսումների ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմի չներկայանալն արգելք չէ վարույթի իրականացման և գործով վճռի կայացման համար, բացառությամբ, երբ չներկայացած կողմը գրավոր ձևով ներկայացրել է միջնորդություն՝ հարգելի պատճառով բանավոր լսումները հետաձգելու համար։

4.Հետագա բանավոր քննության նիստերի անցկացման անհրաժեշտության դեպքում դրանց անցկացման ժամկետը նշանակվում է արբիտրաժային տրիբունալի կողմից՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, որի վերաբերյալ կողմերը ծանուցվում են տեղում՝ համապատասխան ստորագրությամբ կամ Կանոնակարգով սահմանված կարգով։

5.Կողմը կարող է պատշաճ ձևակերպված գրավոր միջնորդություն ներկայացնել գործն իր բացակայությամբ՝ գործում առկա փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա քննելու վերաբերյալ։

 

Հոդված 39. Բանավոր լսումների արձանագրությունը

1.Գործի բանավոր լսումները վարվում են տեսաձայնագրման կամ պարզ թղթային արձանագրման միջոցով։

2.Տեսաձայնագրման սարքի առկայության դեպքում բանավոր լսումների արձանագրությունը վարվում է տեսաձայնագրման սարքի միջոցով։

3.Տեսաձայնագրման միջոցով բանավոր լսումները վարելու անհնարինության դեպքում արձանագրությունը  վարվում է պարզ թղթային արձանագրման միջոցով, որը պետք է պարունակի՝

ա/ Արբիտրաժային դատարանի անվանումը,

բ/ գործի համարը,

գ/ լսումների վայրը և ամսաթիվը,

դ/ կողմերի անունները /անվանումները/,

ե/ տեղեկություններ լսումներին կողմերի ներկայացուցիչների մասնակցության մասին,

զ/ արբիտրների, վկաների, փորձագետների, թարգմանիչների և լսումներին մասնակցող այլ անձանց անուններն ու ազգանունները,

է/ լսումների ընթացքի կրճատ նկարագիրը,

ը/ կողմերի պահանջները և այլ կարևոր հայտարարությունների շարադրումը,

թ/ նշումներ լսումների հետաձգման կամ դրանց ավարտման հիմքերի վերաբերյալ,

ժ/ արբիտրների ստորագրությունները։

4.Կողմերն իրավունք ունեն ծանոթանալ պարզ թղթային արձանգրության բովանդակությանը։

5.Կողմի միջնորդության հիման վրա արբիտրաժային տրիբունալի որոշմամբ պարզ թղթային արձանագրության մեջ կարող են մտցվել փոփոխություններ կամ լրացումներ, եթե կողմի միջնորդությունը համարվի հիմնավոր։

6.Տեսաձայնագրման սկավառակի օրինակը կամ պարզ թղթային արձանագրության պատճենը կողմի գրավոր դիմումի հիման վրա տրամադրվում է վերջինիս՝ ոչ ուշ, քան նիստի հաջորդ օրը։

 

Հոդված 40. Գործի վարույթը փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա

1.Կողմերը կարող են պայմանավորվել վեճը միայն փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա քննելու վերաբերյալ՝ առանց բանավոր լսումների իրականացման։

Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, գործի վարույթը կարող է իրականացվել միայն փաստաթղթերի և այլ նյութերի հիման վրա նաև արբիտրաժային տրիբունալի համապատասխան որոշմամբ։

2.Արբիտրաժային տրիբունալը կարող է իր հայեցողությամբ նշանակել նաև բանավոր լսումներ, եթե ներկայացված նյութերը բավարար չեն վեճն ըստ էության լուծելու համար։

 

Հոդված 41. Գործի քննության կասեցումը և հետաձգումը

1.Արբիտրաժային վարույթը կարող է կասեցվել և հետաձգվել։

2.Արբիտրաժային վարույթի կողմի դիմումի հիման վրա արբիտրաժային տրիբունալը կարող է հետաձգել արբիտրաժային գործի քննությունը, եթե նման հետաձգումը անհրաժեշտ է օրինական և արդար վճռի կայացման համար։

3.Արբիտրաժային տրիբունալը բոլոր դեպքերում հետաձգում է արբիտրաժային գործի քննությունը, եթե արբիտրաժային վարույթի կողմերը հայտարարում են գործի քննության հետաձգման անհրաժեշտության մասին, մինչև կողմերի մատնանշած դեպքերի կամ հանգամանքների վրա հասնելը։

4.Արբիտրաժային գործի քննությունը հետաձգվում է մինչև հետաձգման հիմք հանդիսացած դեպքերի կամ հանգամանքների վրա հասնելը կամ վերանալը։

5.Արբիտրաժային տրիբունալը, արբիտրաժային վարույթի կողմերի դիմումների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ վերսկսում է գործի քննությունը, եթե վերացել են գործի հետաձգման հիմք հանդիսացող հանգամանքները։

6.Արբիտրաժային  գործի քննության հետաձգման և վերսկսման մասին արբիտրաժային տրիբունալը կայացնում է որոշում՝ բացառությամբ բանավոր լսումներով վարույթ իրականացնելու դեպքերում։

Հետաձգված արբիտրաժային գործը հանձնվում է Արբիտրաժային դատարան։

7.Արբիտրաժային գործի քննության հետաձգման դեպքում Կանոնակարգով սահմանված ժամկետների հոսքը դադարում է և տվյալ ժամկետները սկսում են հոսել արբիտրաժային վարույթի վերսկսման պահից, եթե արբիտրաժային տրիբունալը գործի քննության հետաձգման դեպքերի կամ հանգամանքների հաշվառմամբ չի սահմանում այլ ժամկետներ։

 

Հոդված 42. Հայցի ապահովման միջոցները

1.Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, ապա արբիտրաժային տրիբունալը կողմերից յուրաքանչյուրի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին։

2.Հայցի ապահովման միջոցը արբիտրաժային որոշման կամ այլ ցանկացած ձևով կայացվող ժամանակավոր միջոց է, որի միջոցով վեճը վերջնականապես լուծող դատական ակտի կայացմանը նախորդող ցանկացած ժամանակահատվածում արբիտրաժային տրիբունալը կողմին հանձնարարում է՝

ա/ հայցի քննության ընթացքում պահպանել կամ վերականգնել ստատուս-քվո,

բ/ միջոցներ ձեռնարկել առկա կամ անխուսափելի վնասը կանխելու ուղությամբ, կամ ձեռնպահ  մնալ այնպիսի միջոցներից, որոնք կարող են հանգեցնել նման վնասի՝ այդ թվում արբիտրաժային գործընթացին,

գ/ տրամադրել միջոցներ ակտիվների պահպանման համար, որոնց հաշվին կարող է կատարվել կայացվելիք վճիռը,

դ/ պահպանել ապացույցները , որոնք կարող են վերաբերել գործին  և էական նշանակություն ունենալ վեճի լուծման համար։

3.Կողմը, որը սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կարգով խնդրում է կիրառել հայցի ապահովման միջոցներ, արբիտրաժային տրիբունալին հիմնավորում է, որ

ա/ հայցի ապահովման միջոց չկիրառելու դեպքում կհասցվի այնպիսի վնաս, որը հնարավոր չէ պատշաճ կերպով վերականգնել վնասները հատուցելու միջոցով և այդ վնասը զգալիորեն կգերազանցի  այն վնասը, որը կհասցվի այն կողմին, որի պահանջով կիրառվելու է միջոցը, և

բ/ առկա է ողջամիտ հնարավորություն, որ հայցող կողմը հաջողության է հասնելու պահանջի ըստ էության լուծելու հարցում։ Նման հնարավորության մասին ցանկացած որոշում չի կաշկանդում արբիտրաժային տրիբունալի ազատությունը հետագայում այլ որոշում կայացնելու համար։

4.Սույն հոդվածի 2-րդ մասով նշված հայցի ապահովման միջոց կիրառելու խնդրանքի դեպքում, սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները կիրառվում են միայն այն չափով, որ չափով որ արբիտրաժային տրիբունալը դա համարում է տեղին։

5.Արբիտրաժային տրիբունալը կարող է փոփոխել, կասեցնել կամ դադարեցնել իր սահմանած հայցի ապահովման միջոցը կամ նախնական կարգադրությունը՝ կողմերից մեկի դիմումի հիման վրա, կամ բացառիկ դեպքերում կողմերին նախապես ծանուցելուց հետո՝ իր նախաձառնությամբ։

6.Արբիտրաժային տրիբունալը կարող է պահանջել կողմից, որը ներկայացրել է հայցի ապահովում կիրառելու միջնորդություն, տրամադրել պատշաճ երաշխիքներ, կապված նշված միջոցի հետ։

7.Արբիտրաժային տրիբունալը կարող է արբիտրաժային վարույթի ցանկացած կողմից պահանջել անհապաղ հայտնել այն հանգամանքների ցանկացած էական փոփոխության մասին, որոնց հիման վրա ներկայացվել է հայցի ապահովման միջոցը սահմանելու դիմում կամ որոնց հիման վրա սահմանվել է հայցի ապահովման միջոցը։

8.Հայցի ապահովման միջոց սահմանելու դիմում կամ նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը պատասխանատվություն է կրում տվյալ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր ծախսերի և վնասների համար, եթե արբիտրաժային տրիբունալը հետագայում որոշում է, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր։ Արբիտրաժային տրիբունալը վնասների հատուցման մասին հարցը կարող է լուծել վարույթի ցանկացած փուլում։

9.Իրավասու դատարան հայցի ապահովման միջոց կիրառելու խնդրանքով կողմի դիմելը չի կարող դիտվել անհամատեղելի արբիտրաժային համաձայնության հետ կամ նման համաձայնությամբ նախատեսված իրավունքների հրաժարում։

ԲԱԺԻՆ VIII.
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 43. Արբիտրաժի վերջնական որոշումը

1.Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ արբիտրաժի վերաբերյալ որոշման կայացմամբ։

2.Բոլոր վճիռները և որոշումները շարադրվում են գրավոր ձևով, վերջնական են և պարտադիր կողմերի համար։ Կողմերը վճիռները և որոշումները կատարում են անհապաղ։

3.Մեկից ավելի արբիտրների կազմի դեպքում ցանկացած վճիռ կամ որոշում կայացվում է արբիտրաժային տրիբունալի արբիտրների մեծամասնությամբ։

4.Ընթացակարգային հարցերի վերաբերյալ մեծամասնության բացակայության կամ այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալը դա լիազորել է նախագահող արբիտրին, վերջինս կարող է որոշումներ ընդունել միանձնյա, այն հաշվարկմամբ, որ նրա որոշումը կարող է վերնայվել արբիտրաժային տրիբունալի մյուս արբիտրների կողմից։

5.Բացառիկ դեպքերում արբիտրաժային տրիբունալը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդության հիման վրա ցանկացած ժամանակ մինչև վճռի կայացումը անցկացնել լրացուցիչ քննություն, եթե դա բխում է վեճի արդարացի լուծման շահերից։

 

Հոդված 44.Արբիտրաժի վճռի կայացումը 

1.Եթե գործի փաստաթղթային կամ այլ նյութերի հիման վրա կամ բանավոր լսումների միջոցով վարույթ իրականացնելու արդյունքում արբիտրաժային տրիբունալը գալիս է համոզման, որ վեճի հետ կապված բոլոր հանգամանքները բավարար չափով բացահայտված են, ապա հայտարարում է բանավոր լսումներն ավարտված և անցնում է վճռի կայացմանը։

2.Վճիռը կայացվում է արբիտրաժային տրիբունալի ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ միանձնյա արբիտրի կողմից գործի քննության դեպքում՝ միանձնյա։ Արբիտրներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից։ Եթե վճիռը հնարավոր չէ կայացնել ձայների պարզ մեծամասնությամբ, ապա այն կայացվում է արբիտրաժային տրիբունալը նախագահողի կողմից։

3.Վճիռը ստորագրվում է արբիտրաժային տրիբունալի բոլոր անդամների կողմից և կնիքվում է Արբիտրաժային դատարանի կնիքով։ Արբիտրը, որը համաձայն չէ վճռի հետ, կարող է գրավոր կերպով ներկայացնել իր հատուկ կարծիքը, որը կցվում է վճռին։

4.Վճիռը կայացվում է Կանոնակարգի 27-րդ հոդվածով սահմանված ժամկետում և առաքվում է կողմերին, իսկ վճռի մեկ օրինակը կցվում է արբիտրաժային գործին։

 

Հոդված 45. Արբիտրաժային տրիբունալի վճռի ձևը և բովանդակությունը

1.Վճիռը պետք է կայացվի գրավոր։ Վճռում մասնավորապես նշվում են՝

ա/ Արբիտրաժային դատարանի անվանումը,

բ/ գործի համարը,

գ/ արբիտրաժի անցկացման վայրը և վճռի կայացման ամսաթիվը,

դ/ արբիտրների անունները և ազգանունները,

ե/ կողմերի արբիտրաժի վարույթին մասնակցող այլ անձանց անուն ազգանունները /անվանումները/,

զ/ վեճի առարկան և գործի հանգամանքների կրճատ նկարագրությունը,

է/ շարժառիթները, որոնց վրա հիմնված է վճիռը, բացառությամբ, երբ կողմերը համաձայնվել են, որ այդպիսիք չպետք է նշվեն վճռում կամ, եթե կայացվել է համաձայնեցված պայմանների շուրջ վճիռ,

ը/ եզրահանգումներ հայցային պահանջների բավարարման կամ մերժման մասին,

թ/ գործով արբիտրաժային վճարների և ծախսերի բաշխումը կողմերի միջև,

ժ/ արբիտրների ստորագրությունները։

2.Վճիռը պետք է ստորագրվի արբիտրաժային տրիբունալի բոլոր անդամների կողմից։ Եթե արբիտրներից որևէ մեկը չի կարողանում ստորագրել արբիտրաժային վճիռը, արբիտրաժային տրիբունալը նախագահողը վավերացնում է այն իր ստորագրությամբ՝ նշելով արբիտրի ստորագրության բացակայության պատճառները։

 

Հոդված 46. Առանձին արբիտրաժային որոշում

1.Արբիտրաժային տրիբունալը ցանկացած հարցի վերաբերյալ ցանկացած ժամանակ կարող է կայացնել առանձին արբիտրաժային որոշում։

2.Առանձին արբիտրաժային որոշումների նկատմամբ կիրառելի են Կանոնակարգի 44-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և 45-րդ հոդվածի պահանջները։

 

Հոդված 47. Համաձայնեցված պայմաններով վճիռ

1.Եթե արբիտրաժային վարույթի ընթացքում կողմերը հաշտությամբ լուծում են վեճը, ապա արբիտրաժային վարույթն ավարտվում է։ Կողմերի խնդրանքի հիման վրա արբիտրաժային տրիբունալը նշված համաձայնությունն ամրագրում է համաձայնեցված պայմաններում վճռում՝ հաստատելով կողմերի կնքված հաշտության համաձայնությունը։

2.Կողմերի կնքած հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում, արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը։

3.Կողմերի կնքած հաշտության համաձայնության վերաբերյալ արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է համապատասխանի Կանոնակարգի 45-րդ հոդվածի պահանջներին։

 

Հոդված 48. Վճռի, որոշումների առաքումը

1.Կայացված վճիռը, արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշումը և այլ որոշումները Արբիտրաժային դատարանի կողմից առաքվում են կողմերին։ Ընդ որում, վճիռը հայցվորին ուղարկվում է մեկ օրինակ ավել։

 

Հոդված 49. Վճռի ուղղումը, պարզաբանումը և լրացումը

1.Ցանկացած կողմ, տեղեկացնելով մյուսին, կարող է արբիտրաժի վճիռը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում դիմել արբիտրաժային տրիբունալին՝ խնդրելով ուղղել վճռում առկա տեղ գտած թվաբանական սխալները, վրիպակները կամ գրասխալները կամ նմանաբնույթ այլ սխալները։

Արբիտրաժային տրիբունալը կողմի դիմումը հիմնավոր գտնելու դեպքում այն ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում կատարում է համապատասխան ուղղումներ կամ տալիս պարզաբանումներ, որոնք դառնում են վճռի բաղկացուցիչ մաս։

Արբիտրաժային տրիբունալի վճռում ուղղումներ կարող են կատարվել նաև արբիտրաժային տրիբունալի կողմից սեփական նախաձեռնությամբ մինչև վճռի կատարումը՝ վճռի կայացման օրվանից երեսնօրյա ժամկետում։

2.Կողմերից յուրաքանչյուրը, տեղեկացնելով մյուս կողմին, արբիտրաժի վճիռը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում կարող է դիմել արբիտրաժային տրիբունալին՝ վճռի որևէ կոնկրետ կետ կամ մաս պարզաբանելու համար։

Եթե արբիտրաժային տրիբունալը հիմնավոր է համարում այդպիսի դիմումը, ապա դրա ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում տալիս է անհրաժեշտ պարզաբանումներ։ Այդ պարզաբանումը դառնում է վճռի բաղկացուցիչ մասը։

3.Կողմերից յուրաքանչյուրը, մյուս կողմին տեղյակ պահելով, կարող է արբիտրաժի վճիռը ստանալուց հետո երեսուն օրվա ընթացքում դիմել արբիտրաժային տրիբունալին կայացնելու լրացուցիչ վճիռ այն պահանջների վերաբերյալ, որոնք պատշաճ կերպով ներկայացվել են արբիտրաժային վարույթում, սակայն վճռում չեն արտացոլվել։

Եթե արբիտրաժային տրիբունալը հիմնավոր համարի այդ դիմումը, ապա պարտավոր է այն ստանալուց հետո վաթսունօրյա ժամկետում կայացնել լրացուցիչ վճիռ։

4.Անհրաժեշտության դեպքում արբիտրաժային տրիբունալը կարող է երկարաձգել սույն կետում նշված ժամկետները։

5.Վճռի ուղղումը և պարզաբանումը, ինչպես նաև լրացուցիչ վճիռը հանդիսանում են արբիտրաժային վճռի բաղկացուցիչ մաս և դրանց նկատմամբ կիրառվում են Կանոնակարգի 44-րդ հոդվածի դրույթները։

 

Հոդված 50. Վճռի կատարումը  

1.Արբիտրաժային տրիբունալի վճիռները վերջնական են և պարտադիր են կողմերի համար կայացման պահից։

2.Արբիտրաժային տրիբունալի վճիռները կողմերը կատարում են կամովին՝ վճռում նշված ժամկետում։ Եթե վճռում նշված չէ դրա կատարման ժամկետը, ապա այն ենթակա է կատարման անհապաղ։

3.Արբիտրաժային տրիբունալի վճռում նշված ժամկետում կամ վճռի անհապաղ կատարման դեպքում կամովին չկատարված վճիռները ի կատար են ածվում հարկադիր կարգով՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան։

 

Հոդված 51. Արբիտրաժի ավարտն առանց վճռի կայացման

1.Գործով վճիռ չկայացնելու դեպքում արբիտրաժային վարույթն ավարտվում է արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշման կայացմամբ։

2.Արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշումը կայացվում է՝

ա/ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու դեպքում, բացառությամբ եթե պատասխանողն այդ մասին ծանուցում ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում առարկում է գործի վարույթի ավարտման դեմ և Արբիտրաժային դատարանը, իսկ այն դեպքում, երբ արբիտրաժային տրիբունալը ձևավորված է՝ արբիտրաժային տրիբունալը ճանաչում է պատասխանողի օրինական շահը վեճի վերջնական կարգավորման հարցում,

բ/ կողմերի միջև արբիտրաժային վարույթի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դեպքում,

գ/ Արբիտրաժային դատարանը, իսկ արբիտրաժային տրիբունալը ձևավորված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը, գտնում է, որ վարույթի շարունակում է ինչ-ինչ պատճառներով դարձել է ավելորդ կամ անհնարին, մասնավորապես, երբ բացակայում են գործի քննության և վեճն ըստ էության լուծելու համար անհրաժեշտ նախադրյալները։

3.Արբիտրաժային վարույթի դադարեցման դեպքերում արբիտրաժային ծախսերի վճարումները և դրանց հետ վերադարձը կատարվում են Կանոնակարգի Հավելված 1-ով սահմանված կարգով։

4.Արբիտրաժային վարույթն ավարտելու մասին որոշումը կայացնում է Արբիտրաժային դատարանը, իսկ արբիտրաժային տրիբունալ ձևավորված լինելու դեպքում՝ արբիտրաժային տրիբունալը։

 

Հոդված 52. Արբիտրաժի վճիռների, որոշումների պահպանումը

1.Արբիտրաժի վճիռները կամ արբիտրաժի ավարտի մասին որոշումները արբիտրաժային գործին վերաբերող բոլոր փաստաթղթերով հանձնվում են Արբիտրաժային դատարան՝ պահպանության համար։

2.Արբիտրաժի վճիռները, արբիտրաժի ավարտի վերաբերյալ որոշումները և գործի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը պահպանվում են արբիտրաժն ավարտելուց հետո տասը տարի։

ԲԱԺԻՆ IX.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՈւԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 53. Կանոնակարգի ուժի մեջ մտնելը և գործողությունը

1.Կանոնակարգն ուժի մեջ է մտնում «ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» հասարակական կազմակերպության մասնակիցների ժողովի կողմից ընդունվելուն հաջորդող տասներորդ օրը։

2.Մինչև Կանոնակարգի ուժի մեջ մտնելը ծագած վեճերը քննվում են Կանոնակարգին համապատասխան, եթե կողմերը կամ կողմերից որևէ մեկը չի պահանջել վեճը քննել իրենց միջև կնքված արբիտրաժային համաձայնության ժամանակ գործող կանոնակարգով սահմանված ընթացակարգով։

3.Կողմերի միջև կնքված արբիտրաժային համաձայնության ժամանակ գործող կանոնակարգով սահմանված ընթացակարգով վարույթ իրականացնելու համար կողմերը կամ կողմերից որևէ մեկը կարող են դիմել արբիտրաժի մասին ծանուցումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

4.Սույ հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետում կողմերի կամ կողմերից որևէ մեկի կողմից համապատասխան դիմում չստացվելու դեպքում արբիտրաժային տրիբունալը վարույթն իրականացնում է Կանոնակարգով սահմանված կարգով՝ Կանոնակարգի 2-րդ հոդվածի պահանջների հաշվառմամբ։